Այս շաբաթ հայկական դրամի փոխարժեքը աշխարհին որոշել է զարմացնել իր նոր ռեկորդներով, թեեւ դրանք հազիվ թե գրանցվեն Գինեսի ռեկորդների գրքում։ Հոկտեմբերի 29-ին դրամն արդեն հաղթահարեց 358-ի նշագիծը։ Բորսայական առեւտրի տվյալներով՝ դոլարի միջին փոխարժեքը հոկտեմբերի 29-ին կազմել է 357,61 դրամ։ Թեեւ, եթե հաշվի առնենք, որ բորսան փակվել է աճով, հանգստյան օրերին ֆինանսական շուկայում ցնցումներ պետք է որ չլինեն։ Բոլոր դեպքերում՝ վերջին մեկուկես տարում սա ամենաթանկ դրամն է։

Ակնհայտ է, որ ԿԲ-ն էական քայլեր չի ձեռնարկում դրամը կայունացնելու համար՝ գնաճի դեմ պայքարելու համար թերեւս ուրիշ հարմար միջոց չգտնելով։ ԿԲ միջամտությունները շաբաթական մի քանի միլիոն դոլար են կազմում, որոնք բորսայում եղանակ չեն ստեղծում։ Սակայն չմոռանանք, որ նոյեմբեր-դեկտեմբերը ավանդաբար ԿԲ-ի կողմից դիտարկվել է որպես միջազգային պահուստները համալրելու ժամանակահատված՝ արտարժույթի շուկայից դոլար գնելու միջոցով։ Հայ գործարարներից շատերը Ամանորին նախապատրաստվում են սկսած նոյեմբերից՝ շուկա մտցնելով մեծ քանակությամբ դոլար։ Իսկ քաղաքացիներն իրենց խնայողությունները կամ դրսից որպես օգնություն ստացվող միջոցները շուկա են նետում դեկտեմբերին։

Պաշտոնական տվյալները վկայում են, որ այս շաբաթ արտարժությաին շուկայում բավական մեծ ակտիվություն է եղել։ Փոխանակման կետերի միջոցով բանկերը գնել են մոտ 77 մլն դոլար եւ վաճառել 85 մլն դոլար։ Սա հայկական ֆինանսական շուկայում բարձր ակտիվության վկայություն է։ Թեեւ ֆինանսական շուկայում դոլարի նկատմամբ պահանջարկն ավելի մեծ է, քան դրամի, սակայն արժեւորվում է ոչ թե դոլարը, այլ դրամը։ Այստեղ դեր է խաղում, թերեւս, այն հանգամանքը, որ բանկերում դոլարի մեծ ավելցուկ կա, եւ նրանք կարողանում են առանց բարդությունների բավարարել դոլարի նկատմամբ հարաճուն պահանջարկը։ Սակայն եթե դոլարի նկատմամբ նման բարձր պահանջարկը պահպանվի ավելի երկար ժամանակ, բանկերը ստիպված կլինեն արժեզրկել դրամը։

Ըստ էության՝ բոլոր բանկերի մոտ էլ առկա են դրամի արժեզրկման սպասումներ։ Այլապես ինչով բացատրել, որ արժեւորվող դրամի պայմաններում դոլարային վարկերն ավելի էժան են, քան դրամայինները։ Դոլարով վարկեր այսօր կարելի է ձեռք բերել տարեկան 10 տոկոսով, իսկ դրամով՝ 14 տոկոսից ոչ պակաս։ Այնինչ եթե դրամը հետագայում չարզեզրկվի՝ դոլարով վարկ տրամադրած բանկերը էապես կտուժեն։ Չմոռանանք, որ վարկերի կեսից ավելին տրամադրվում է հենց դոլարով։

 

Սամվել Ավագյյան