Վրաստանի փոխվարչապետ, վերաինտեգրացման հարցերով պետնախարար Թեմուր Յակոբաշվիլին զարմանք է արտահայտել Սերժ Սարգսյանի հայտարարության վերաբերյալ. «Հայ առաքելական եկեղեցու իրավաբանորեն գրանցման հարցը լուծվում է եւ Երեւանը տեղյակ է դրանից: Վրաստանի տարածքում բոլոր պատմական, ճարտարապետական, կրոնական հուշարձանները, անկախ դրանց ծագումից, գտնվում են պետության պահպանության ներքո: Եվ այդ մասին Երեւանը նույնպես տեղյակ է: Կան մի քանի վիճելի հուշաձաններ եւ եկեղեցիներ, բայց գլխավորն այն է, որ դրանց շուրջ վեճերը վարեն պատմաբաններն ու մասնագետները, ինչպես մինչեւ հիմա եղել է, ոչ թե քաղաքական գործիչները»:
Ինչ վերաբերում է Բավրա գյուղի շուրջ ստեղծված իրավիճակին, ապա, ըստ պետնախարարի, նման պատմություններ եղել են եւ էլի կլինեն, քանի դեռ հայ-վրացական սահմանը վերջնականապես դեմարկացիայի եւ դեմիլիտարիզացիայի չի ենթարկվել եւ «աշխատանքներն այդ ուղղությամբ իրականացնում է համատեղ հանձնաժողովը»:
«Ես չեմ կարծում, որ Հայաստանի նախագահի հայտարարությունն ինչ որ կերպ կապված է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հետ կամ որ դրանց թիկունքում Ռուսաստանի շահերն են: Հայաստանն ու Վրաստանը լավ հարեւաններ են եղել եւ այդպիսք էլ կմնան»,- հայտարարել է Յակոբաշվիլին:
Հիշեցնենք, որ հայ-վրացական սահմանի Շիրակի մարզի որոշ հատվածներում վրացի սահմանապահները մի քանի տասնյակ մետր առաջ են եկել, մտել հայկական տարածքներ և հայ գյուղացիներին, ովքեր ունեն այդ հողերի սեփականության իրավունքի վկայականներ, արգելում են մշակել հողը: Նրանք պնդում են, որ հայ-վրացական սահմանի դեռեւս չհստակեցրած հատվածները պետք է հստակեցվեն: Ներկայումս հայ-վրացական համատեղ հանձնաժողովը շարունակում է սահմանի այդ հատվածի դեմարկացիայի աշխատանքները:
Յակոբաշվիլիին հարցրել են նաեւ, թե ինչպե՞ս է վերաբերում Սերժ Սարգսյանի մեկ այլ հայտարարությանը, թե հայերենը պետք է Ջավախքում մարզային լեզու լինի, ինչին նա արձագանքել է. «Մենք ուրախ ենք, որ հայերենը Հայաստանում միակ պետական լեզուն է», դրանով փորձելով հասկացնել, որ դեմ է նման նախաձեռնությանը:




























