Իրանը մտադիր չէ Արեւմուտքի հետ քննարկել իր միջուկային ծրագիրը: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի անվտանգության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Իսմայիլ Քոսարին: Նրա խոսքով, «վեցնյակի» (Ռուսաստան, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Մեծ Բրիտանիա) հետ բանակցությունների գործընթացում կքննարկվեն հարցեր, որոնք դուրս են Իրանի միջուկային ծրագրի շրջանակներից, օրինակ կլիմայի գլոբալ փոփոխություններին, աղքատությանը, էներգետիկային, բնապահպանությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ իրավիճակն Աֆղանստանում, Իրաքում, Լիբանանում ու Պաղեստինում:
«Իրանը ավելի վաղ էլ էր համաձայնել բանակցություններին, սակայն «վեցնյակի» անդամ երկրների պատճառով, այդ բանակցությունները փակուղի էին մտել»,- ասել է Քոսարին, հաղորդում է ադրբեջանական Trend-ը:
Նրա ներկայացմամբ, ուրանի փոխանակման վերաբերյալ բանակցությունները դադարեցվել են, որից հետո բանակցություններ են սկսվել Թուրքիայի եւ Բրազիլիայի հետ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Իրանը համաձայնվել է վերսկսել բանակցություններն իր ատոմային ծրագրի շուրջ միջազգային միջնորդների «վեցնյակի» հետ:
ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարել է, թե բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերի 10-ից հետո: Թեհրանը կոչ է արել համաձայնության գալ տեղի եւ ժամկետի վերաբերյալ:
Վերջին բանակցությունները կայացել են 2009թ. հոկտեմբերի 1-ին` Ժնեւում:
«Վեցնյակն» Իրանին մեղադրում է ատոմային զենքի ստեղծման աշխատանքներ իրականացնելու մեջ: Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրն ունի բացառապես խաղաղ բնույթ:





























