Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ինքը կիսում է կառավարության անդամների հիասթափությունը՝ կապված Իսրայելի նկատմամբ միտումնավոր եւ թշնամական որոշման հետ, որն անարժանիորեն ընդունվել է ՄԱԿ-ում: Cursor-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է դեկտեմբերի 25-ին կայացած կառավարության ամենշաբաթյա նիստին:
«Մեր տեղեկություններով՝ այն Օբամայի վարչակազմն է նախաձեռնել, համակարգել ձեւակերպումը եւ հոգ տարել անցկացման համար: Դա հակասում է ամերիկյան ավանդական քաղաքականությանը, որը պարտավորվել է ՄԱԿ ԱԽ-ում կարգավորման պայմաններ չթելադրել, եւ իր՝ Օբամայի 2011 թվականի պարտավորություններին՝ նման քայլեր չկատարելու մասին»,- ասել է Նեթանյահուն:
Վարչապետը դիմել է կառավարության անդամներին՝ պահանջելով պատասխանատու վերաբերվել, կարգադրություններին համապատասխան, որոնք կտրվեն նիստից անմիջապես հետո: «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այդ ամոթալի որոշումից հետո Իսրայելի համար հետեւանքներ չլինեն»,- հավելել է Նեթանյահուն:
Նա նախարարներին տեղեկացրել է, որ ԱԳՆ-ից խնդրել է ՄԱԿ-ի եւ միջազգային կազմակերպությունների դեմ գործողությունների ծրագիր ներկայացնել, որը մեկ ամսվա ընթացքում կառավարությանը կներկայացվի: «Տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջեւ բնակեցմանն առնչվող տարաձայնություններ են եղել: Բայց մենք համաձայնության էինք եկել, որ Անվտանգության խորհուրդը այդ հարցը լուծելու վայրը չէ: Մենք գիտեինք, որ այդ մարմնին դիմելը կբարդացնի բանակցություններ ընթացքը եւ կհեռացնի խաղաղությունը: Ինձ հույս են ներշնչում ԱՄՆ-ում մեր բարեկամների՝ դեմոկրատների եւ հանրապետականների հայտարարությունները: Նրանք հասկանում են, որ ՄԱԿ-ի որոշումը անպատասխանատու է եւ կործանարար, եւ որ Լացի պատը «օկուպացված տարածք չէ»: Ես սպասում եմ այս բարեկամների եւ նոր վարչակազմի հետ աշխատանքին, որը պաշտոնը կստանձնի հաջորդ ամիս»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը:

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























