Ըստ Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո YouGov սոցծառայության իրականացրած հարցման տվյալների՝ գերմանացիների մեծ մասը կողմ է, որ Գերմանիայում խստացվեն անվտանգության միջոցառումները, հայտնում է DW–ն։

Գերմանացիների 73 տոկոսը համարում է, որ երկրում պետք է շատացնել ոստիկանների քանակը, 61 տոկոսն էլ կողմ է արտահայտվել, որ ոստիկանները ավելի լավ պատրաստված ու զինված լինեն։ Հարցման մասնակիցների 60 տոկոսն էլ հայտնել է, որ պետք է ավելի շատ տեսախցիկներ տեղադրել հասարակական վայրերում։ Հարցումն իրականացվել է դեկտեմբերի 21-23 ժամանակահատվածում, ավելի քան 2000 մարդու մասնակցությամբ։

Բեռլինի իշխանությունները դեռ դեմ են արտահայտվում քաղաքում տեսահսկողությունն ուժեղացնելուն, չնայած ՆԳՆ-ն կոչ է անում փոխել այս դիրքորոշումը ահաբեչական սպառնալիքի ֆոնին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Բեռլինում սուրբծննդյան տոնավաճառում, բեռնատարը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ՝ սպանելով 12 ու վիրավորելով 48 մարդու։ Ահաբեկչության համար պատասխանատվություն էր ստանձնել ԻՊ խմբավորումը։ Կասկածյալը՝ թունիսեցի Անիս Ամրին, որի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել, սպանվել է Իտալիայում ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ։