Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հավայան կղզիներ, որտեղ նրան ընդունելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Աբեն կդառնա առաջին ճապոնական ղեկավարը, որը կայցելի Փերլ Հարբորը, ԱՄՆ ռազմածովային կայանը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ՝ 1941-ի դեկտեմբերի 7-ին, ճապոնական ավիացիայի կողմից հարձակման է ենթարկվել։ Օբամայի ու Աբեի օգնականները հայտնել են, որ Աբեի այցը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կողմերի հաշտեցման ու Վաշինգթոնի ու Տոկիոյի միջեւ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման հերթական վկայությունն է։
Սակայն հարկ է նշել, որ Սինձո Աբեն մտադիր չէ ներողություն խնդրել Փերլ Հարբորի վրա իրականացված հարձակման համար , որի հետեւանքով զոհվել էին ավելի քան 2 հազար ամերիկացի զինծառայողներ ու որից հետո ԱՄՆ-ն որոշել էր միանալ Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Հիշեցնենք, որ Բարաք Օբաման, որն այս տարվա մայիսին այցելել էր Հիրոսիմա, նույնպես ներողություն չի խնդրել ամերիկյան ավիացիայի կողմից այդ քաղաքի ատոմային ռմբակոծության համար ՝ 1945-ի օգոստոսին։





























