Ֆրանսիացի ճանապարհորդ Թոմաս Կովիլը մենակ, առանց կանգառների նավագնացություն է իրականացրել աշխարհի շուրջ՝ սահմանելով նոր համաշխարհային ռեկորդ, հայտնում է BBC–ն։
48-ամյա ճանապարհորդի շուրջերկրյա նավարկությունը տեւել է 49 օր, երեք ժամ ու յոթ րոպե։ Այսպիսով նա գերազանցել է 2008-ին մեկ այլ ֆրանսիացու՝ Ֆրանսուա Ժոյոնի սահմանած ռեկորդը, որը մենակ 57 օրում շուրջերկրյա նավարկություն էր իրականացրել իր առագաստանավով։
Կովիլին միայն հինգերորդ փորձից է հաջողվել հասնել ռեկորդային արդյունքի։ Նրա խոսքով հաճախ ինքը օրական երեք ժամից էլ քիչ էր քնում ու գործի էր դնում իր ամբողջ ֆիզիկական ներուժը։ «Ես 10 տարի սրան եմ ձգտել, ես երջանիկ եմ, որ ինձ հաջողվել է իրականացնել իմ երազանքը»,- ասել է նա, Ֆրանսիայի հյուսիսարեւմտյան Բրեստ քաղաքի նավահանգիստ ժամանելուց հետո։





























