Անցնող 2016 թվականը կարող է ամենաշոգ տարին համարվել օդերեւութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում։ Այս մասին հայտնում են Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության կլիմայագետները։ 11 ամիսների տվյալներով, օդի միջինտարեկան ջերմաստիճանը 1․2 աստիճանով գերազանցել է մինչարդյունաբերական մակարդակը։ Փորձագետները նշում են նաեւ սառցածածկերի հալչման ու օվկիանոսում սառցե մակերեսի կրճատման տագնապահարույց տեմպերը։
Կազմակերպության ներկայացուցիչ Քլեր Նուլիսի խոսքով 2016-ը պատմության մեջ կմտնի իր տխուր ռեկորդներով։ «Ածխաթթու գազի խտությունը մթնոլորտում գերազանցել է խորհրդանշական սահմանը, օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացումը ռեկորդային նիշերի է հասել, ինչն արագացրել է մարջանախութերի ոչնչացումը, դե իսկ երկրի վրա գրանցվել են ջրհեղեղներ, արտասովոր շոգ եղանակ ու արեւադարձային ցիկլոններ»։
Գիտական հետազոտությունները ցույց են տալիս ուղիղ կապը եղանակային ծայրահեղ երեւույթների ու ջերմոցային գազերի արտանետումների միջեւ։ Գիտնականների խոսքով, անսովոր շոգն ու Ալյասկայում երկարատեւ անտառային հրդեհները մթնոլորտի աղտոտման հետեւանքն են։





























