2015 թվականին ԱՄՆ-ն զենքի վաճառքի շուրջ 40 մլրդ դոլարի պայմանագրեր է կնքել՝ պահպանելով ռազմական արտադրանք արտահանող երկրների ցանկի առաջին տեղը: Այս մասին գրում է New York Times-ը՝ վկայակոչելով Կոնգրեսի հետաքննական ծառայության զեկույցը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ սպառազինությունների շուկայում ստորագրված պայմանագրերի կեսն ԱՄՆ-ինն է, որը կարողացել է լրջորեն առաջ անցնել մերձակա մրցակցից՝ Ֆրանսիայից (շուրջ 15 մլրդ):

Սպառազինության խոշորագույն գնորդներ են դարձել Քաթարը (ավելի քան 17 մլրդ դոլար), Եգիպտոսը (12 մլրդ) եւ Սաուդյան Արաբիան (8 մլրդ):

Պարբերականի տվյալներով՝ 2015 թվականին զենքի վաճառքից ստացված Ռուսաստանի եկամուտները գրեթե նույնն են եղել, ինչ 2014-ին. որոշակի նվազում է արձանագրվել՝ 11.2 մլրդ-ից մինչեւ 11.1 մլրդ դոլար: New York Times-ը նշում է, որ Մոսկվայի ուշադրությունը կենտրոնացել է Լատինական Ամերիկայի երկրների ուղղությամբ:

Չինաստանի եկամուտն էլ 2015 թվականին կազմել է 6 մլրդ դոլար: