Հայ ազգային կոնգրեսը խաղաղության ծրագիր է առաջ քաշել, ուստի Կոնգրեսին  ավելի շատ աջակիցներ կլինեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն` անդրադառնալով  գարնանը սպասվող ընտրություններում ՀԱԿ-ի ակնկալիքներին:

Ըստ ընդդիմադիր գործչի` նոր ձեւավորվող դաշինքները Կոնգրեսի ընտրազանգվածի համար սպառնալիք չեն: Ինչ վերաբերում է որեւէ դաշինքի  կազմում ՀԱԿ-ի ընդգրկվելու հավանականությանը, պատգամավորն ասաց. «Մենք խաղաղության ծրագիր ենք ներկայացել, սա մեր մարտահրավերն է, ովքեր կհասկանան ու մտահոգ կլինեն Հայաստանի ճակատագրով ու կգան այս գաղափարի հետեւից, խնդրեմ, հաճույքով: Հայաստանի ուժեղացման, Ղարաբաղի անկախության պահպանման ծրագիրն է սա, կմիանա՞ն սրան` շատ լավ,  չէ` այս գաղափարը կա ու կա: Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը քաղաքական համարձակ ծրագիր է: Կարծում եմ` մեզ ավելի շատ աջակիցներ կլինն, քան սուտ կեղծ ընդդիմադիրները կամ դաշինքները»:

Հիշեցնենք, որ Լեւոն Տեր-Պետորսյանի ելույթը նվիրված Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը մեծ աղմուկ բարձրացրեց, դրան արձագանքեց նաեւ  պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` հակադրվելով առաջին նախագահին: