Լեհ վարորդ Լուկաշ Ուրբանը հրազենային վիրավորում էր ստացել Բեռլինի սուրբծննդյան տոնովաճառում բեռնատարով ահաբեկչությունից մի քանի ժամ առաջ, հայտնում են գերմանական լրատվամիջոցները։
Ավելի վաղ հայտնել էին, որ Ուրբանը կարող էր դիմադրել բեռնատարը առեւանգած թունիսեցի ահաբեկիչ Անիս Ամրիին ու դրանով փրկել բազմաթիվ մարդկանց կյանքեր։
Bild-ի տեղեկություններով դիահերձումը ցույց է տվել, որ Ուրբանի վրա կրակել էին դեկտեմբերի 19-ի ժամը 16։30-ից 17։30 ժամանակահատվածում, մինչդեռ ահաբեկչությունը տեղի է ունեցել մոտ 20։00-ին։
Բժիշկները վստահեցնում են, որ վարորդը չէր կարող ղեկը խլել Ամրիից , ինչպես մինչ այդ էին հայտնում։ Բայցեւայնպես Ուրբանը կարող էր դեռ ողջ լինել ահաբեկչության պահին։
Մինչդեռ համացանցում մեկնարկել է հանրագիր՝ լեհ վարորդին քաջության համար հետմահու պարգեւատրելու պահանջով։ Լուկաշ Ուրբանը 37 տարեկան էր, նա բեռնատարներով բեռներ էր փոխադրում Լեհաստանից Գերմանիա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Բեռլինում բեռնատարը մխրճվել էր մարդանց բազմության մեջ՝ սպանելով 12, վիրավորելով 48 մարդու։





























