Հայ-թալիշական համագործակցության խորացումը թալիշներին հնարավորություն է տալիս դուրս գալ Ադրբեջանական Հանրապետությունում ունեցած սահմանափակումներից և պահպանել ազգային ինքնությունը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ԵՊՀ Իրանագիտության ամբիոնում կայացած հայ եւ թալիշ գործիչների մասնակցությամբ «Թալիշներ. պատմություն եւ արդիականություն» կլոր սեղանին ասաց Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
Ըստ իրանագետի՝ թալիշները Հայաստանի միջոցով գործելու եւ զարգանալու հնարավորություններ են ստանում, որոնք չունեն Ադրբեջանական Հանրապետությունում։ Բացի դրանից, հայ-թալիշական համագործակցության սերտացումը կսահմանափակի Ադրբեջանին՝ թալիշ ժողովրդին հայերի դեմ գործիք դարձնելու հարցում։
«ՀՀ–ն եւ Արցախի նորանկախ հանրապետությունը ունեն հնարավորություններ այստեղ զարգացնելու թալիշագիտության տարբեր խնդիրների ուսումնասիրությունը՝ հանգամանք, որն արգելված է Ադրբեջանում։ Ադրբեջանում թալիշների հանդեպ վերաբերմունքը տարբեր գնահատականներով հասնում է ընդհուպ մինչեւ ցեղասպանության։ Այդ բառը կլոր սեղանի ընթացքում հատուկ նշվեց թալիշ գործչի կողմից։ Նաեւ կիրառվում են տարբեր արդիական մեթոդական գործիքներ՝ թալիշական ինքնությունը ապամոնտաժելու, նրանց ձուլելու համար, նրանց ներուժը օգտագործելու, ինչու չէ, նաեւ մեր դեմ։ Անհերքելի փաստ է, որ թալիշական բնակչության որոշակի հատվածը ալիեւյան ռեժիմի կողմից օգտագործվում է նաեւ հայերիս դեմ՝ որպես թնդանոթի միս։ Թալիշական ինքնության բյուրեղացումը այսօր համար առաջին քայլն է դեպի ավելի լուրջ քաղաքական նպատակներ։ Եվ այս իմաստով ես կարծում եմ՝ թալիշ ժողովուրդը ունի բավական լուրջ ձեռքբերումներ, որոնք հիմնվում են նաեւ Հայաստանում իրականացվող գիտական հետազոտությունների արդյունքների վրա»,- նշեց նա։
«Թալիշստանի ձայն» ռադիոկայանի տնօրեն Գառնիկ Գեւորգյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ կլոր սեղանը բացառիկ է նրանով, որ սա առաջին հայ-թալիշական միջոցառումն է, որին մասնակցում է թալիշական շարժման առաջնորդներից միանգամից 5 հոգի։
«Սա մի քանի քայլ առաջ էր։ Մասնակցում էր թալիշական քաղաքական էլիտայի գրեթե ամբողջ աստղաբույլը՝ Թալիշ-մուղանյան հանրապետության նախագահ Ալաքրամ Հումմաթզոդան, ՌԴ նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ, «Թալիշական սփյուռք» կազմակերպության նախագահ Իսմայիլ Շաբանովը, «Մոսկվայի թալիշական ազգային մշակութային ինքնավարության» ղեկավար Ադիլ Նասիրովը, «Եկատերինբուրգի թալիշական ազգային մշակութային ինքնավարության» ղեկավար Էլշան Հասանովը, թալիշ ժողովրդի իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Զահիրադդին Իբրահիմին»,- նշեց Գառնիկ Գեւորգյանը։
Նա եւս փաստեց, որ կլոր սեղանը հայ-թալիշական հարաբերությունները նոր աստիճանի բարձրացրեց, երբ հայերը կարող են համագործակցել հյուսիսային (Ադրբեջանական Հանրապետության) թալիշների հետ՝ առանց հարավային (Իրանի) թալիշների օգնության։
«Այլեւս առանց միջնորդի՝ առանց հարավթալիշական միջնորդի օգնության անմիջապես ազատ համագործակցություն կա երկու ժողովուրդների միջեւ։ Այս թեմայով 2 զեկույց ունեինք կլոր սեղանին, որը փաստում է այն, թե ինչքան է կարեւորվում համագործակցությունը ոչ միայն մեր կողմից, այլ նաեւ՝ թալիշ ժողովրդի»,- ավելացրեց նա։





























