Ավստրալացի գիտնականները պարզել են, որ մարդկանց մահվան ամենամեծ քանակը բաժին է ընկնում հունվարին: Վաղաժամ մահվան են հանգեցնում սթրեսը, ալկոհոլի եւ յուղոտ կերակուրի չարաշահումը, փոխանցում է Oane-ը:
Գիտնականները նշել են, որ մարդու համար ամենածանր ժամանակահատվածը տարեսկիզբն է: Ավելի դեպրեսիվ է համարվում հունվարի երրորդ երկուշաբթին: Մասնագետների կարծիքով՝ մահացությունը մեծանում է եղանակային պայմանների եւ իմունիտետի թուլացման համադրության հետեւանքով: Տարածված կարծիքի համաձայն՝ ծանր հիվանդները ձգտում են գոնե մինչեւ Նոր տարի ողջ մնալ՝ վայելելու հարազատների եւ մտերիմների հետ շփումը:
Տոներին նախապատրաստվելիս մարդը մեծ սթրես է ապրում: Նրանց առողջական վիճակի վրա բացասաբար է ազդում սեղանի շուրջ երկար նստելը, սպիրտային խմիչքների եւ վնասակար ուտելիքի մեծ քանակը: Շատերն այդ օրերին դեղ չեն ընդունում, քանի որ ալկոհոլի հետ անհամատեղելի է: Գիտնականները նշում են, որ այս ամենից բացի, բուժաշխատողները չեն հասցնում բոլոր կանչերը սպասարկել: Այս գործոնների համադրությունը հանգեցնում է տարվա առաջին ամսին սրտի նոպաների թվի մեծացման:




























