Հայաստանի կառավարությունն այսօր հաստատել է Համաշխարհային բանկի՝ գյուղական ճանապարհների կառուցման ֆինանսավորման համար տված վարկով կառուցող ընկերությունների ցանկը:
ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնել են, որ կառավարությունը հաստատել է ՀԲ աջակցությամբ իրականացվող կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակում ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքների գնման մրցույթների արդյունքները: Հաղթող են ճանաչվել «Մեղրու ՃՇՇՁ» ԲԲԸ-ն, «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ն, «Զանգեզուրտրանսշին» ԲԲԸ-ն եւ «Կապավոր» ՍՊԸ-ն:
Ի դեպ, ծրագրի իրականացման արժեքների եւ ժամկետների վերաբերյալ որոշ մտահոգություն է արտահայտել ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է նրա առաջարկությունները քննության առնել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում եւ կայացնել փաստարկված որոշում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀԲ տնօրենների խորհուրդը որոշում էր կայացրել Հայաստանին 36,6 միլիոն դոլար վարկ տրամադրել ճանապարհաշինության ծրագրի համար:



















