Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը նոյեմբերի 2-ին Հայաստանում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովի հետ քննարկել է «Հյուսիս-հարավ» երկաթուղու եւ ավտոմայրուղու կառուցման հետ կապված խնդիրները:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց Տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը, նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ ներկայումս ընթացքի մեջ են «Հյուսիս-հարավ» երկաթուղու տեխնիկատնտեսական ուսումնասիրման համար նախապատրաստական աշխատանքները, որոնք հայկական կողմի առաջարկով իրականացնում է ռուսական ընկերությունը:
Զուգահեռ հաջորդ տարի կսկսվեն Վանաձոր-Ֆիոլետովո հատվածի կառուցման աշխատանքները: Ըստ նախարարի, «Հյուսիս-հարավ» երկաթուղին ոչ միայն տնտեսական, այլեւ ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիր է: Նախարար Մ.Վարդանյանը հայտնել է նաեւ, որ շարունակվում են «Հյուսիս-հարավ» երկաթուղու կառուցման շուրջ քննարկումները շահագրգիռ երկրների եւ ընկերությունների հետ:
Նախարար Մ.Վարդանյանը տեղեկացրել է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագրի ընթացքի մասին եւ նշել, որ այն կառուցվելու է փուլերով: Հայտարարված միջազգային բաց մրցույթին հայտեր են ներկայացրել երեք ընկերություններ եւ ներկայումս դրանց փաստաթղթերի գնահատման փուլն է ընթանում:
Դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին նշել է, որ տրանսպորտային միջանցքների բացակայության պատճառով երկկողմ առեւտրաշրջանառությունը բավարար չէ: Դեսպանը տեղեկացրել է, որ դեկտեմբերին նախատեսվում է անցկացնել հայ-ղազախական բիզնես ֆորում, որի ընթացքում կքննարկվեն առեւտրաշրջանառության ծավալների բարձրացմանն առնչվող մի շարք հարցեր:




























