Իրանի իշխանությունները կոչ են արել իրենց քաղաքացիներին չմեկնել Ֆրանսիա` առանց հատուկ անհրաժեշտության:
«Հաշվի առնելով որոշ եվրոպական երկրներում տնտեսական ճգնաժամով եւ հասարակական հուզումներով պայմանավորված իրավիճակը, ինչպես նաեւ այն, որ մեր տվյալներով Ֆրանսիայում այդ հուզումները դեռ շարունակվում են, մենք խորհուրդ ենք տալիս Իրանի քաղաքացիներին խուսափել այդ երկիր այցելելուց` առանց հատուկ անհրաժեշտության»,- մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը, հաղորդում է իրանական ISNA գործակալությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փաստացի ողջ հոկտեմբեր ամսվա ընթացքում Ֆրանսիայում գործադուլներ ու բողոքի ակցիաներ են տեղի ունեցել: Ֆրանսիացիները դժգոհ են կենսաթոշակային բարեփոխումներից, մասնավորապես կենսաթոշակային տարիքը 60 տարեկանից 62 դարձնելու որոշումից: Նոյեմբերի 6-ին նախատեսված է հերթական բողոքի ակցիան:




























