Թուրքիայի Էներգետիկայի նախարարից հետո, նաեւ շրջակա միջավայրի պահպանության նախարարն է հայտարարել, թե դատական հայց է ներկայացրել Hurriyet օրաթերթի եւ Hurriyet-ի արդեն նախկին ավագ լրագրող Օքթայ Էքշիի դեմ։

Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝   Թուրքիայի շրջակա միջավայրի պահպանության նախարար Վեյսել Էրօղլուն հայտնել է, թե դատարան է դիմել իր նկատմամբ անձնական վիրավորանքի համար 100 հազար լիրա (70 հազար ԱՄՆ դոլար) փոխհատուցում ստանալու համար։

Նշենք, որ հոկտեմբերի 28-ի իր հրապարակման մեջ Օքթայ Էքշի խիստ քննադատության էր ենթարկել թուրքական իշխանությունների գործողությունները, մասնավորապես,  ջրամբարներ կառուցելու եւ դրանով բնությանն ու շրջակա միջավայրին մեծ վնաս հասցնելու համար։

Հրապարակման մեջ Օքթայ Էքշին Թուրքիայի վարչապետի եւ նախարարների համար օգտագործել է «իրենց մայրերին էլ ծախելու գիտակցությամբ» արտահայտությունը, որը մեծ սկանդալ է առաջացրել Թուրքիայում։ Հաջորդ օրը լրագրողը ներողություն է խնդրել իսկ եւս մեկ օր անց դուրս եկել Hurrıyet-ից։