Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Բագրատաշեն սահմանային անցակետ, ծանոթացել առկա խնդիրներին եւ աշխատանքներին, որոնք իկապես, շատ են: Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը` Բագրատաշենից:

Այնուհետեւ նախագահի գլխավորությամբ եւ Բագրատաշեն սահմանային անցակետի պետ Կարեն Գրիգորյանի, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաաչտրյանի մասնակցությամբ խորհրդակցություն է գումարվել:

Գագիկ Խաչատրյանը նշել է, որ սահմանային կետերը պետք է համապատասխանեցվեն միջազգային չափանիշներին եւ անցակետերում պետք է լինեն բոլոր անհրաժեշտ տեխնիկական միջոցները, որպեսզի միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցվեն:

Նրա խոսքով, Հայաստանում ստեղծվելու է սահմանային մեկ միասնական համակարգ:

«Ներկայումս անցակետերը տարբեր  փաստաթղթեր են պահանջում մարդկանցից, իսկ սահմանային կառավարման միասնական համակարգի անցնելուց հետո անհրաժեշտ փաստաթղթերը բոլոր մաքսային անցակետերի համար նույնը կլինեն»,- ասել է Խաչատրյանը:

NEWS.am- թղթակցի հետ զրույցում սահմանային անցակետից օգտվող  քաղաքացիները նշեցին, որ Բագրատաշենի  անցակետում անհարմարություններ են ստեղծվում հիմնականում մեքենաների անցնելու հետ կապված, քանի որ անհրաժեշտ տարածությունը քիչ է: Նրանք նշել են, որ վրացական կողմի անցակետն ունի չորս անցագծեր, մեկը հատուկ բեռնատարների, իսկ  երեքը` մարդատարներ մեքենաների համար:

Մինչդեռ հայկական անցակետում բեռնատարերն ու մարդատարները միեւնույն կետով են անցնում, ինչն էլ մեծ հերթերի պատճառ է դառնում:

Բնակիչները նշել են նաեւ, որ ամռան ամիսներին հերթերը ձգվում են մինչեւ մի քանի կիլոմետր, երբեմն նույնիսկ 10-15 կմ: Բնակիչներից մեկը դժգոհություն է հայտնել, որ վրացական սահմանային անցակետում ուղեբեռն անց են կացնում դետեկտորների միջով եւ հազվադեպ է լինում, որ նրանք ստիպված են լինում բացել ուղեբեռը, իսկ հայկական կողմում նույնիսկ կանացի պայուսակներն են «քրքրում», քանի որ չկան համապատասխան սարքավորումներ:

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն անդրադարձել է նաեւ Բագրատաշենի սահմանային կետի մոտ գտնվող մոթելի առկայությանը եւ նշել, որ սահմանային կետը պետք է լինի ստերիլ տարաածություն: Պետք է առկա լինել միայն այնպիսի կառույցներ, որոնք անհրաժեշտ են սահմանային կետի աշխատանքի համար: «Եթե սահմանային կետերի փոփոխության աշխատանքում նախագծողները գտնեն, որ մոթելը չի խանգարում սահմանային կետի բնականոն գործունեությանը, ապա կթողնենք.  իսկ եթե գտնեն, որ խանգարում է` այն կչեզոքացվի»,-նշել է Գ. Խաչատրյանը: