Տաշիրի «Դուստր Մելանյա» պանրագործարանի տնօրեն Ռուբիկ Հարությունյանը NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանեց պանրի շուկայում ստեղծված իրավիճակը։ Նրա խոսքով՝ պանրի թանկացումը մի շարք համալիր գործոնների հետեւանք է։ Բացի կաթի թանկացումից, դեր է խաղացել նաեւ գազի թանկացումը ապրիլի 1-ից։ Գազի թանկացումը հանգեցրել է տրանսպորտային ծախսերի ավելացման, գազով է աշխատում նաեւ գործարանային կաթսան։ Ընդհանրապես՝ ապրիլից հետո տեղի է ունենում հումքի եւ նյութերի աստիճանական թանկացում, որը հանգեցրել է ինքնարժեքի թանկացման։ Թանկացել են օրինակ փաթեթավորող նյութերը, միկրոօրգանիզմները, ֆերմենտները։ Այդ պայմաններում պանրագործարաններն այլեւս չէին կարող գինը կայուն պահել։
Սովորաբար, ըստ Հարությունյանի, գյուղացիներից մթերվող կաթի գինն ունի որոշ սեզոնայնություն։ Գարնանը եւ ամռանը այն էժանանում է, իսկ աշնանը, երբ անասուններն այլեւս արոտավայր չեն ուղարկվում՝ թանկանում։ Սակայն այս տարի թանկացումն ունի ավելի հիմնավոր պատճառներ։ Օգոստոսից սկսած իր դերն է խաղացել երաշտը, որի հետեւանքով կովերի կաթնատվությունը մոտ 30 տոկոսով նվազել է։ Դրա հետեւանքով պանրագործարանները խնդիրներ են ունեցել կաթի անհրաժեշտ պաշարների ձեռք բերման առումով։ Ներկայում կաթը մթերվում է 150-180 դրամի սահմաններում, նախկին՝ 90-100 դրամի համեմատ։ Հարությունյանի կարծիքով՝ կաթի մթերման գները պետք է բարձր լինեն, այլապես ֆերմերային տնտեսությունների մոտ սկսել է քայքայման եւ սնակացման գործընթաց։ Հարությունյանն ասում է, որ ֆերմերները չեն կարողանում նույնիսկ աշխատողներ վարձել, անգամ ախոռներն են իրենք մաքրում, բայց միեւնույն է՝ շահույթներ չունեն։ «Մենք բոլորս գյուղից ենք սնվում, եթե ֆերման չաշխատի, ինչպե՞ս պետք է երկիրը ոտքի կանգնեցնենք»,- ասում է Հարությունյանը։
Պանրագործների կարծիքով՝ պանրի գործարանային օպտիմալ գինը 2000 դրամի սահմաններում պետք է լինի։ Հակառակ դեպքում որակյալ պանրի արտադրության մասին խոսք լինել չի կարող։ Եթե ֆերմերային տնտեսությունները ոտքի կանգնեն՝ կկարողանան կաթը փոքր-ինչ ավելի էժան վաճառել, ինչը թույլ կտա նաեւ էժանացնել պանիրը։ Այլապես, ներկա գներով ստացվում է, որ 2 լիտր կաթը նույնիսկ 1 կգ խնձոր չարժէ, կամ 10 լիտր կաթը ընդամենը 1 կգ հնդկաձավարի արժեքն ունի։ Կամ Երեւանում վաճառվող աղբյուրի խմելու ջրի 1 լիտրն արժե 120 դրամ, իսկ կաթը, որի ստացման համար անասնապահը մեծ ջանքեր է գործադրում, վաճառվում է ընդամենը 100 դրամով։
Ըստ Հարությունյանի՝ պանիրն ամենասննդարար եւ արժեքավոր սննդատեսակներից է, որը պարտադիր պետք է առկա լինի մարդկանց կերակրացանկում։
Սամվել Ավագյան




























