ՍԱՊԾ-ն ստուգում կիրականացնի այն հանրային սննդի օբյեկտում, որտեղ սնվելուց հետո քաղաքացիները թունավորվել են: Այս մասին այսօր` հունվարի 31-ին, NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Լոռու մարզային կենտրոնը հունվարի 27-ին ահազանգ էր ստացել այն մասին, որ «Սննդային տոքսիկոինֆեկցիա» նախնական ախտորոշմամբ Լոռու մարզի «Սպիտակի բժշկական կենտրոն» են ընդունվել Սպիտակի տարածաշրջանի Լեռնանցք համայնքի 11 բնակիչ: Նույն օրը՝ ահազանգն ստանալուց անմիջապես հետո, ՍԱՊԾ մարզային կենտրոնի մասնագետներն այցել են նախ նշված բժշկական կենտրոն, ապա՝ «ԱՐԹՎԱՐԴ» ՍՊԸ եւ ՍՊԸ-ին պատկանող «Թեժ կրակ» անվանումով հանրային սննդի օբյեկտ, որտեղ եւ սնվել են հոսպիտալացված անձինք:

Ծառայության մասնագետները հանրային սննդի օբյեկտում առկա սննդամթերքից (հումքից, քանի որ պատրաստված սննդից մնացորդ չի եղել) նմուշառումներ են կատարել եւ ուղարկել լաբորատոր փորձաքննության:

Միաժամանակ, ծառայությունը քայլեր է ձեռնարկել՝ հետագծելիության սկզբունքով ընկերությանը սնունդ մատակարարող կազմակերպություններին հայտնաբերելու եւ ողջ շղթայում վերահսկողությունն ապահովելու նպատակով:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից 27.01.2017թ-ին տրվել է նշված ընկերության արտադրանքի իրացումը կասեցնելու մասին կարգադրագիր. տնտեսավորող սուբյեկտի գործունեությունը դադարեցված է:

Հավելենք, որ «ԱՐԹՎԱՐԴ» ընկերության գործունեությունը ՍԱՊԾ-ն արդեն իսկ համարել էր բարձր ռիսկային՝ ընդգրկելով տնտեսավարողին 2017 թ. ստուգումների տարեկան ծրագրում. ստուգումները կիրանացվեն այս օրերին: Դեպքի համակողմանի ուսումնասիրության եւ վտանգի աղբյուրի բացահայտման նպատակով ՍԱՊԾ մասնագետները համագործակցում են այլ գերատեսչությունների գործընկերների հետ: