Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Արսեն Մկրտումյանի, Գագիկ Միքայելյանի եւ Սոսո Մարգարյանի պաշտպանները պահանջում են իրենց պաշտպանյալների նկատմամբ նշանակել մեղմ պատիժ` այն պայմանականորեն չկիրառելու պայմանով:

Այսօր` փետրվարի 2-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սոսո Մարգարյանի պաշտպան Արա Զաքարյանը մասնավորապես նշեց, որ նա չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:

«Սոսոն քար է նետել, երբ ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակ է ընկել նրա ոտքի մոտ, որից վնասվածք է ստացել: Սոսոյի նետած քարը, ինչպես որ տեսանյութից էլ է երեւում, ոչ ոքի չի վնասել: Սոսոն ու իր ընկերները փորձել են կանխել արյունահեղությունը: Եթե այդ ցույցերը չլինեին, իշխանությունները կարող էին ուժ կիրառել ՊՊԾ գնդում գտնվողների նկատմամբ»,- ասաց Արա Զաքարյանը:

Փաստաբանի խոսքով` եթե այնուամենայնիվ դատարանը որոշի, որ Սոսո Մարգարյանը մեղավոր է, պատիժը պայմանականորեն չկիրառվի:

Սոսո Մարգարյանն իր հերթին ընդգծեց` ինքը վատ բան չի արել. «Մենք փորձում էինք մեր ազատության, առողջության հաշվին թույլ տալ արյունահեղություն, չեմ կարծում` վատ բան ենք արել»:

Ամբաստանյալներից Գագիկ Միքայելյանի պաշտպանը` Անի Չատինյանը, նույնպես խնդրեց դատարանից արդարացնել իր պաշտպանյալի, կամ գոնե պատիժը պայմանականորեն չկիրառել:

«Գագիկ Միքայելյանը պատմության ուսուցիչ է, մասնակցել է ապրիլյան պատերազմին, խնամքին ունի անչափահաս երեխա: Հաշվի առնելով այս մեղմացուցիչ հանգամանքները` խնդրում եմ արդարացնել կամ նշանակել մեղմ պատիժ, որը սակայն պայմանականորեն չկիրառել»,- ասաց Անի Չատինյանը:

Գագիկ Միքայելյանն էլ նշեց, որ ինքը դիտավորյալ չի արել, ամեն ինչ ստացվել է հանգամանքների բերումով:

Արսեն Մկրտումյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը նույնպես միացավ իր գործընկերների պահանջին: Մկրտումյանը խնդրեց դատարանից մեղմ պատիժ սահմանել եւ հնարավորություն տալ իրեն:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Նշենք, որ մեղադրողը 3 ամբաստանյալների համար պահանջել է դատապարտել երեք տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ ամբաստանյալներն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքներն ու միջնորդել արագացված դատաքննություն անցկացնել: Դատարանը բավարարել էր միջնորդությունը:

Ըստ մեղադրական եզրակացության` Արսեն Մկրտումյանը, Գագիկ Միքայելյանը եւ Սոսո Մարգարյանը «Սասնա Ծռեր» խմբի կողմից հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն են գործադրել եւ զանգվածային անկարգություններ հրահրել: Նրանք կալանավորված են: