Լոնդոնում շինարարական աշխատանքների ժամանակ ժամկետից 33 տարի շուտ հողից հանել են «ժամանակի սրվակը», որը 1998-ին ВВС –ի հաղորդավարներն էին հողի մեջ թաղել։ Այն պարունակում է մուլտհերոսուհի «տելեպուզիկ» Լյալյայի տիկնիկը, Spice Girls-ի ձայնասկավառակը, ասթմայի նոպաների դեմ ինհալյատոր, Դիանա արքայադստեր լուսանկարը, ինսուլին ու ներարկիչ, բրիտանական մետաղադրամ ու տամագոչի։

Սերունդներին ուղղված այս ծանրոցի պարունակությունը որոշվել էր Բրիտանիայի «Կապույտ Փիթեր» մանկական սիրված հեռուստահաղորդման հանդիսատեսների քվեարկության արդյունքներով։

Երբ 1998-ին հաղորդավարներ Ռիչարդ Բեկոնը ու Քեթի Հիլը այդ փաթեթը հողի մեջ էին թաղել, նրանք ենթադրում էին, որ այն մինչեւ 2050 թ չի հանվի։ Սակայն շինարարական աշխատանքների ժամանակ բանվորները պատահաբար վնասել էին ծանրոցը , չնայած վստահեցնում են, որ պարունակությունը չի տուժել։

«Չնայած մենք այն ժամանակից շուտ ենք բացել, բայց ուզում ենք մեր հանդիսատեսին ցույց տալ այդ իրերը ու նորերը հավելել, մինչեւ նորից հողին վերադարձնելը , որտեղ այն պետք է մնա մինչեւ 2050 թ, ինչպես եւ նախատեսված էր»,- հայտնել է BBC–ի մամուլի ծառայությունը։