Փարիզի քրեական դատարանը սենատոր, Dassault ավիակոնցեռնի սեփականատեր Սերժ Դասոյին պարտավորեցրել է 2 մլն եվրոյի չափով տուգանք վճարել՝ միաժամանակ հինգ տարի շարունակ պետական եւ ընտրովի պաշտոններ զբաղեցնելու արգելք սահմանելով: Սենատորին մեղավոր են ճանաչել հարկերից խուսափելու գործով:
RFI-ի հաղորդմամբ՝ հաշվի առնելով Դասոյի տարիքը (այս տարի նա 92 տարեկան է դառնալու), դատարանն ազատազրկման վճիռ չի կայացրել, նույնիսկ պայմանական:
Ֆրանսիական ֆինանսական դատախազությունը Սերժ Դասոյին մեղադրում է մի քանի տասնյակ միլիոն եվրոյի եկամուտները պետությունից թաքցնելու մեջ: Քննությունը պարզել է, որ Դասոն իր միջոցները «թաքցրել» է արտասահմանյան մի քանի բանկերում: Բացի այդ, նա հարկային հայտարարագրում ոչինչ չի նշել իր անշարժ գույքի մասին, որը 2011 թվականին 16 մլն եվրո է գնահատվել:
Սերժ Դասոն ֆրանսիական լեգենդար Dassault Aviation կոնցեռնի հիմնադրի որդին է:



























