Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը, որը ԱՄՆ նոր նախագահի պաշտոնավարումից հետո Գերմանիայի կառավարության առաջին անդամն է, որ այցելել է Վաշինգթոն, Դոնալդ Թրամփի հետ տարակարծիք է եղել Ուկրաինայի արեւելքում հակամարտության, Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի եւ Եվրոպայում միգրացիայի խնդիրների գնահատման հարցում: DW-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի ԱԳ նախարարն այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների մայրաքաղաքում՝ մանրամասները չհստակեցնելով:
Վաշինգթոն կատարած այցի ընթացքում Գաբրիելը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի եւ փոխնախագահ Մայք Փենսի հետ: Գաբրիելի խոսքով՝ նրա հետ, հակառակը, քաղաքական հայացքների զգալի նմանություն է եղել: «Ես շատ ուրախ եմ, որ մեր միջեւ թեմաների լայն սպեկտրով ընդհանուր ըմբռնում կա»,- ասել է Զիգմար Գաբրիելը:
Նախարարի խոսքով՝ ինչպես Թիլերսոնը, այնպես էլ Փենսը կողմ են Եվրոպայի դիրքերի ամրապնդմանը: Նրանք չեն կարծում, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ի վերջի սկիզբն է, նշել է նախարարը:
Շոշափվել է նաեւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման թեման: Գաբրիելի կարծիքով՝ այս մասին խոսք կարող է լինել, երբ Մինսկի համաձայնագրերի իրականացման հարցում էական առաջընթաց ձեռք բերվի: Գերմանիայի ԱԳ նախարարը նշել է, որ Թիլերսոնն ու Փենսը հանդես չեն եկել ընդդեմ այս մոտեցման:




























