Մոսկվան հույս ունի, որ Կիեւը, ինչպես նաեւ ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ղեկավարությունը փետրվարի 5-ին հետ կքաշեն սպառազինության բոլոր տեսակները, որը Մինսկի համաձայնությունների գործողության մեջ է մտնում: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը

«Հույս ունենք, որ զորքերը հետ կքաշվեն որոշակի հեռավորությամբ»,- ասել է նա՝ կոչ անելով դադարեցնել բնակելի շրջանների գնդակոծումը եւ վերացնել խաղաղ բնակչության համար սպառնալիքը:

Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է Կիեւի կողմից 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնեւի կոնվենցիան խախտելու մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Փետրվարի 3-ի գիշերը Դոնեցկը Ուկրաինայի զինուժի կողմից ծավալուն գնդակոծման է ենթարկվել: Այս վայրագ հարձակումը ոչ մի արդարացում չունի, իր գործողություններով Կիեւը խախտել է ոչ միայն «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնեւի կոնվենցիան, այլեւ բարոյականության բոլոր նորմերը»,- ասել է նա:

Զախարովան ընդգծել է, որ Կիեւում «ոչ միայն մտահոգված չեն ճգնաժամի նոր գալարով, այլեւ իրենց գործողություններով առանց խղճի խայթի հոխորտում են Դոնբասում»: