Լեգենդար «Սաթե սենյակը», որն անհետ կորել էր 1945-ին, կարող է թաքնված լինել Պասլենկ քաղաքի ամրոցի թունելում: Նման ենթադրություն են արել լեհ հնագետները: 18—դ դարի մշակույթի գլուխգործոցի որոնումները մասնագետները պլանավորում են սկսել մոտ ժամանակներս, հայտնում է TVN24 հեռուստաալիքը:

«Սաթե սենյակի» հնարավոր գտնվելու վայրը մատնանշում է անոմալիան, որը հայտնաբերել են տեղանքի տոմոգրաֆիական եւ ռադարային զննության արդյունքում:

Այդ սենյակի գոյության փաստը, ըստ հնագետների, հաստատում են ամրոցից տանող ստորգետնյա բազմաթիվ թունելների մասին լեգենդները: Թունելներից մեկը տանում է դեպի ամրոցի մոտակայքում գտնվող սուրբ Բարդուղիմեոսի եկեղեցին:

«Սաթե սենյակը» 18-րդ դարում ստեղծել են գերմանացի վարպետները Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ 1-ինի համար, իսկ հետո այն նվիրել էին ռուս ցար Պետրոս 1-ինին: 1941-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, արվեստի գործը գերմանացիները դուրս էին հանել Եկատերինայի ամրոցից եւ տարել Քյոնիգսբերգ, որտեղից էլ այն 1945-ին անհետացել էր: