Այսօր` նոյեմբերի 5-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում բացվել է նորակառույց մանկապարտեզը, որին մասնակցել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ձորաղբյուր գյուղն ընդհանրապես մանկապարտեզ չի ունեցել։ 2008 թվականից սկսվել է մանկապարտեզի շենքի կառուցումը, որը  նախատեսված է 60 երեխայի համար։

Հետագայում այն կկարողանա սպասարկել 70-80 երեխայի։ Նախադպրոցական կրթօջախն ապահովված է ժամանակակից բոլոր հնարավորություններով։ Համայնքի միջոցներից մանկապարտեզի կառուցման համար ծախսվել է 113 մլն դրամ, իսկ որպես պետական սուբվենցիա կառավարության կողմից հատկացվել է 20 մլն դրամ։ Գործադիրի ղեկավարը շրջել է նորակառույց շենքում, ծանոթացել  պայմաններին։

Այնուհետև վարչապետ Տիգրան Սարգսյանը եղել է Գառնիում, որտեղ տեղի է ունեցել համայնքի համար կենսական նշանակություն ունեցող «Յոթնաղբյուր-Գառնի» ինքնահոս ջրատարի բացումը, որի կառուցումը սկսվել էր 2008 թվականից։

Այցի ավարտին` լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ Տիգրան Սարգսյանը նշել է, որ եկող տարի ոռոգման համակարգում մեծ ծավալի աշխատանքներ կիրականացվեն։