Հայկական գինեգործական ընկերությունների պատվիրակությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի գլխավորությամբ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի աջակցությամբ   մեկ միասնական տաղավարով մասնակցում է Մոսկվա քաղաքում ընթացող «Պրոդէքսպո 2017» ցուցահանդեսին, որի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել նախօրեին:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել  ՌԴ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Եվգենի Գրոմիկոն:

Ռոբերտ Մակարյանի խոսքով` ցուցահանդեսի առաջին օրն արդեն իսկ զգացվում է հետաքրքրություն հայկական գինիների նկատմամբ` հիմնականում մեզ համար թիրախային շուկա համարվող Ռուսաստանի կողմից։

Հայկական տաղավար են այցելել նաեւ ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը,  ՌԴ-ում ՀՀ առեւտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը, Ռուսաստանի սոմելյեների եւ փորձագետների միության նախագահ Արթուր Սարգսյանը։

Հայկական պատվիրակությունը ներկայացնում են 12 գինեգործական ընկերություններ` արտերկրյա սպառողին ներկայացնելով շուրջ 50 անուն  հայկական գինիներ։

Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ փետրվարի 10-ը ներառյալ։