Լոռու մարզի Տաշիր քաղաքում իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ  ուղարկվել է ՀՔԾ:

ՀՀ գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական գործը հարուցվել է  2017 թվականի հունվարի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ քաղաքացի  Մ. Ա.-ն, տեղեկանալով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնի ՊՊԾ ջոկի վարորդ` ոստիկանության ավագ սերժանտ Ա. Ա.-ի իր կողմից մորեղբորը  ոստիկանության Տաշիրի բաժին հրավիրելու եւ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու հանգամանքի մասին, վրդովվել եւ  քաշքշել է ծառայողական պարտականությունները կատարող` Տաշիրի զորակոչային տեղամասի հարակից տարածքում այդ պահին հասարակական կարգը պահպանող ու անվտանգությունն ապահովող Ա. Ա.-ին,  գործադրելով նրա առողջության համար ոչ վտանգավոր բռնություն: Նկարագրված հանցավոր արարքը կատարելու կասկածանքով Մ. Ա.-ն ձերբակալվել է:

Քննության ընթացքում, քաղաքացի Մ. Ա.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ 2017 թվականի հունվարի 17-ին` ժամը 13-ի սահմաններում, եղբորը Տաշիր քաղաքի զինկոմիսարիատից պարտադիր զինվորական ծառայության ճանապարհելուց հետո, նույն քաղաքի Էրեբունի փողոցում ոստիկանության Տաշիրի բաժնի աշխատակից Ա. Ա.-ն վիճաբանել է մոր  հետ, որի ընթացքում հարվածել է վերջինիս, ինչից զայրացած ինքը մեկ անգամ ձեռքով հարվածել է ոստիկանության աշխատակցին:

 Հունվարի 18-ին Մ.Ա.-ի մայրը իր եւ ոստիկանության աշխատակցի միջեւ տեղի ունեցածի մասին գրավոր հաղորդում է տվել ոստիկանության Տաշիրի բաժնում:

Մ.Ա-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, որում նա իրեն մեղավոր չի ճանաչել:

2017 թվականի հունվարի 20- ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է մեղադրյալ Մ.Ա-ի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու միջնորդությունը: Վերջինս տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ: 

Գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝  ՀՀ գլխավոր դատախազը  գործը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ  մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով  ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչի վարույթից վերցրել եւ հանձնել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթ: