Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Դոնբասի իրավիճակը եւ Մինսկի համաձայնագրերի իրականացման հարցը: Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը:

Հաշվի առնելով Դոնբասում իրավիճակի վերջին թեժացումը՝ նրանք հույս են հայտնել, որ ռազմական գործողությունները շուտով ամբողջովին եւ ընդմիշտ կդադարեցվեն: Կանցլերը Ռուսաստանի նախագահին է դիմել անջատողականների վրա համապատասխան ազդեցություն գործելու հարցով:

Կանցլերը եւ ՌԴ նախագահը համաձայնվել են, որ կրակի դադարեցման ռեժիմի պահպանման համար անհրաժեշտ է նոր ջանքեր ներդնել, եւ ԱԳ նախարարներին ու արտաքին հարցերով իրենց խորհրդականներին խնդրել են այս հարցով սերտ շփում պահպանել: