Այսօր տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» կուսակցության երիտասարդական միության վարչության նիստը, որտեղ որոշում է կայացվել ոչ պարկեշտ վարքագծի պատճառով Դավիթ Հարությունյանին հեռացնել ՀՎԿ երիտմիությունից, հետեւաբար նաեւ կուսակցությունից:
ՀՎԿ երիտմիության վարչությունը կուսակցության երիտթեւի պաշտոնում առաջադրել է Սիմոն Հակոբյանի թեկնածությունը:
Այս առնչությամբ, ՀՎԿ երիտասարդական միության տարածած հաղորդագրության մեջ նշվում է.
«Դավիթ Հարությունյանը քաջ գիտակցում էր, որ առաջիկայում ոչ պատշաճ վարքագծի համար ինքը կարող էր հեռացվել երիտմիությունից եւ կուսակցությունից, հետեւաբար փորձել է մեկ քայլ առաջ ընկնել ու ներկայացնել, թե իբր ինքը սկզբունքային մարդ է ու հեռացել է կամովին, իսկ կուսակցությունից նրան հեռացնելու պատճառների մասին Դավիթ Հարությունյանը տեղյակ էր:
Դատապարտելի ենք համարում Դավիթ Հարությունյանի նման ձեւակերպումները կուսակցության եւ կուսակցության նախագահի հասցեին ու, միեւնույն ժամանակ, տարակուսելի է , որ նույն անձը ընդամենը երկու օր առաջ դիֆերամբներ էր ձոնում կուսակցությանն ու նրա ղեկավարին, որի վկայությունն է նրա բազմաթիվ հեռուստաեթերները, ելույթները, ինչպես նաեւ իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթերը:
Չնայած մյուս կողմից սույն երիտասարդի մոտ նման վարքագիծը կարող է օրինաչափ լինել, քանզի ժամանակին ԲՀԿ-ն լքած եւ «Հայկական վերածննդին» միացած Դավիթ Հարությունյանը նման բառապաշարով, բնորոշումներով էլ խոսում էր նույն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին:
Իսկ ինչ վերաբերում է սկզբունքայնությանն ու գաղափարական պայքարին, ապա արդեն մի քանի անգամ ճամբարափոխությունը խոսում է հենց անսկզբունքայնության մասին, որտեղ ամենասկզբունքային արժեքը նյութակն շահն է, ինչում բոլորս առաջիկայում կհամոզվենք, երբ վերը նշված երիտասարդը կհայտարարի, թե որն է լինելու այն հերթակն քաղաքական ուժը, որին ինքը հավատարմության երդում է տալու»:
Ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաեւ Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ իր ղեկավարած
Լիբերալ ժողովրդավարական կուսակցության թիմը դուրս է գալիս «Հայկական վերածնունդ»-ից:




























