Արդարադատության նախարարությունն առաջարկում է սահմանել անձնական սերվիտուտի ինստիտուտը, տեսակները, կիրառման կարգը եւ պամանները: Այս մասին փետրվարի 9-ին՝ խորհրդարանում կառավարության ներկայացրած Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների եւ լրացումների մասին օրինագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
Հիմնական զեկուցող Սուրեն Քրմոյանի ներկայացմամբ՝ խոսքը Քաղաքացիական օրենսգրքի այնպիսի կարեւոր ինստիտուտի մասին է, որպիսին սերվիտուտն է կամ ուրիշի ունեցվածքի սահմանափակ օգտագործման իրավունքը: «Խնդիրը հետեւյալն է՝ չնայած գործող Քաղաքացիական օրենսգրքով սերվիտուտի ինստիտուտ նախատեսված է, այն բացառապես վերաբերում է ունեցվածքի սերվիտուտին: Դա նշանակում է, որ մարդը կարող է ուրիշի ունեցվածքից օգտվել միայն այն դեպքում, եթե համապատասխան անշարժ գույք ունի եւ կարող է ուրիշի հողամասի սերվիտուտ սահմանել»,- նշեց Քրմոյանը՝ շարունակելով, որ եվրոպական շատ երկրներում գոյություն ունի անձնական սերվիտուտ հասկացությունը: «Դա նշանակում է, որ սերվիտուտը սահմանվում է ոչ թե ինչ-որ ունեցվածք տնօրինելու հետ կապված, այլ տվյալ մարդու: Այսինքն՝ սահմանվում է անձնական սերվիտուտի ինստիտուտ: Օրինագծի ներկայացմամբ մենք փորձել ենք կարգավորել անձնական սերվիտուտ հասկացությունը, տեսակները, կիրառման կարգը եւ պայմանները»,- պարզաբանեց արդարադատության փոխնախարարը:




























