Փետրվարի 13-ին հրապարակվել է զեկույց աշխարհում անվտանգության ոլորտում տիրող իրավիճակի մասին, որի անվանումը կարելիէ այսպես թարգմանել «Հետճշմարտություն, հետարեւմտյան դարաշրջան, հետազատական աշխարհակա՞րգ»։ Զեկույցը ներկայացվելու է Մյունխենյան անվտանգության հարցերով միջազգային համաժողովի ժամանակ, որը անցնելու է փետրվարի 17-19-ը, փոխանցում է DW–ը։

90 էջանոց զեկույցում ներկայացված է ժամանակակից աշխարհակարգի լրջագույն խնդիրների համառոտ անդրադարձը։ Հեղինակները թվարկում են մարտահրավերները , որոնք նրանց կարծիքով կարող են վերջ տալ ներկա աշխարհակարգին։ Դրանցից են ազատական ժողովրդավարության ճգնաժամը, ջիհադական խմբավորումների ահաբեկչությունը, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տարածքային վեճերը, ԱՄՆ ինքնամեկուսացումը անվտանգության համաշխարհային համակարգից, նաեւ կեղծ լուրերի ու ապօրինաբար ձեռք բերված գաղտնի տեղեկությունների տարածումը։

Անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովի ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը հույս է հայտնել, որ դրա մասնակիցները կկարողանան «բաց ու անկեղծ քննարկել թե տարաձայնությունները թե ընդհանուր շահերն ու արժեքները»։