Չինացիները, որոնց առաջ զուսպ եւ ներփակված էին համարում, այժմ ավելի հակված են անմիջականորեն եւ խանդավառությամբ ցուցադրել իրենց զգացմունքները, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։
Այստեղ նրանց օգնության է գալիս Սիրահարների օրը նվերներ փոխանակելու ավանդույթը, համատեղ ռոմանտիկ ընթրիքը, թարմ ծաղիկները եւ «խունբաո» կարմիր ծրարները 520 յուանով (չինական դիալեկտներից մեկով այս թվերի արտասանությունը հնչում է «Ես քեզ սիրում եմ» արտահայտության նման)։
Չինաստանի ծանոթյունների կայքերից մեկի անցկացրած հետազոտությունները վկայում են, որ հարցվածների 77 տոկոսը համարում է, որ սիրահար զույգը այդ օրը պետք է միասին անցկացնի՝ միմյանց նվերներ եւ անակնկալներ պարգեւելով։ Չինացիները նախընտրում են ծաղիկ եւ բրենդային հագուստ նվիրել իրենց ընտրյալներին։
Նաեւ այս տարի, չնայած Սուրբ Վալենտինի օրը երեքշաբթի է, այսօր Չինաստանում մեծ թվով պսակադրություններ են տեղի ունեցել։



























