Ռուսաստանը չի քննարկելու Ղրիմը Ուկրաինային վերադարձնելու թեման, այդ թվում՝ ԱՄՆ–ի հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե Մոսկվայի եւ Վաշինգթոնի հարաբերությունների վրա ինչ ազդեցություն կունենա Սպիտակ տան խոսնակի հայտարարությունը, թե «ԱՄՆ–ը հստակ հասկացնել է տվել, որ ակնկաում է Ղրիմի վերադարձը Ուկրաինայի կազմ», փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Ինչ վերաբերում է Ղրիմը վերադարձնելուն, ապա այդ թեման չի քննարկվելու, քանի որ այն չի կարող քննարկվել։ Ռուսաստանը չի քննարկում իր տարածքների հետ կապված հարցերը օտարերկրյա իր գործընկերների հետ»,– ասել է նա։
Ղրիմի կրգավիճակի հարցը չի քննարկվել հունվարի վերջին Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի ընթացքում, հայտարարել է Պեսկովը։
Ըստ նրա՝ Ռուսաստանը շարունակելու է իր գործընկերներին, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին, հետեւողականորեն հասցնել իր փաստարկները Ղրիմի հարցում։
«Ռուսաստանի նախագահը համբերատար եւ հետեւողական կերպով պարզաբանում է իր գործընկերներին եւ զրուցակիցներին պատճառները, որոնք բերեցին նրան, որ Ղրիմի բնակիչները որոշում կայացրին պաշտպանություն փնտրել Ռուսաստանում եւ դառնալ դրա մասը։ Նա բավական համբերատար եւ հետեւողական կերպով ներկայացնում է Ուկրաինայում հեղաշրջման պատմությունը, որը զգալի չափով ֆինանսավորվել է արտերկրից»,– ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ–ի եւ Ռուսաստանի հարաբերությունները դեռեւս չեն սկսել կառուցվել, անհրաժեշտ է սպասել նախագահ Թրամփի վարչախմբի վերջնական ձեւավորմանը։ «Առայժմ ոչինչ չի սկսել կառուցվել, առայժմ միայն եղել է ենթագիտակցաբար անմխիթար վիճակում գտնվող հարաբերությունները կառուցելու մասին մտադրությունների փոխանակում։ Տվյալ դեպքում պետք է արագացնել իրադարձությունները։ Այժմ ավարտին է հասցվում գործող նախագահի նոր վարչախմբի ձեւավորման գործընթացը, դրա համար ուղղակի պետք է սպասել, երբ կսկսեն առաջին շփումները»,– հայտարարել է Դմիտրի Պեսկովը։



























