Փետրվարի 15-ին Սիրիայի Արաբական Հանրապետության Լաթաքիա քաղաք է տեղափոխվել մարդասիրական առաքելության շրջանակում Սիրիայի բարեկամ ժողովրդին Հայաստանի տրամադրած օգնության խմբաքանակը:

Սիրիայի հայկական համայնքների ուժերով մարդասիրական օգնությունը, որը ներառում է առաջին անհրաժեշտության ապրանքներ, այդ թվում՝ սննդամթերք եւ հագուստ, կբաշխվի ինչպես Լաթաքիայի, այնպես էլ Դամասկոսի, Քեսաբի եւ Հալեպի հայկական համայնքների առավել կարիքավոր ընտանիքներին ու հակամարտությունից տուժած սիրիացի ժողովրդին:

Լաթաքիայի հայկական համայնքի ներկայացուցիչները կարեւորել են սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրվող օգնությունը եւ այն ուշադրությունը, որ Հայաստանը դրսեւորում է սփյուռքի հայկական համայնքների նկատմամբ:

Առաջիկա օրերին Սիրիայի Արաբական Հանրապետություն կառաքվի նաեւ մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը: