ՀՀ վարչապետի օգնական, տնտեսական զարգացմանը օժանդակող աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է, որ անշարժ գույքի շուկան Հայաստանում ակտիվանում է, իսկ բանկերի հիփոթեքային պորտֆելը` մեծանում: Հարությունյանը մասնավորապես նշել է, որ բանկերի հիփոթեքային պորտֆելը դեկտեմբերի վերջի 88 մլրդ դրամից ներկայումս հասել է 90 մլրդ-ի: Սակայն պետական պաշտոնյան, այս տեղեկատվությունը ներկայացնելով, հղում է կատարել ոչ թե պաշտոնական վիճակագրությանը, այլ թերթերից մեկի հրապարակմանը: Ուտի այնքան էլ պարզ չէ, թե ինչպես է բանկերի հիփոթեքային պորտֆելը մեծացել, եթե մի քանի ամիս շարունակ հիփոթեքային վարկավորում չի իրականացվել: Ինչ վերաբերում է պաշտոնական տեղեկատվությանը, ապա վերջին տվյալները վերաբերում են հունիսին, որոնք զետեղված են Կենտրոնական բանկի տեղեկագրում: Ըստ այդ տեղեկագրի` հունիսին բանկերի ընդհանուր հիփոթեքային պորտֆելը կազմել է 83.1 մլրդ դրամ, իսկ 2008 թ. դեկտեմբերին եղել է ոչ թե 88 մլրդ, այլ 83.6 մլրդ դրամ: Ըստ այդ նույն աղբյուրի` բանկերի հիփոթեքային պորտֆելը 2009 թ. իր առավելագույն նիշին հասել է մայիս ամսին` 86.3 մլրդ դրամ:
Հարությունյանը ասել է նաև, որ հուլիսին 36.1%-ով ավելացել է անշարժ գույքի շուկայում առքուվաճառքի գործարքների թիվը, իսկ բնակարանների գները կայունացել են: Այս անգամ, բարեբախտաբար, կառավարության փորձագետը մատնանշել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին:
Տիգրան Սմբատյան




























