«Հեպատիտ Ց»-ի գործով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավճիռ է կայացրել:
Այսպես, Քաջարանի ԲԿ-ի նախկին տնօրեն Վարդան Ավագյանը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 1 տարվա ազատազրկման, փոխտնօրեն Վիրաբ Մանասյանը, ավագ բուժքույր Նորա Կարապետյանն ու գլխավոր բուժքույր Արմեդա Վանեսյանը` 6 ամսվա ազատազրկման: Չորս ամբաստանյալների վերաբերյալ դատարանը որոշել է պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան: Բժիշկ- անեսթեզիոլոգ Երվանդ Ավագյանը նույնպես մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 1,5 տարվա ազատազրկման:
NEWS.am-ի հետ զրույցում Վիրաբ Մանասյանի փաստաբան Գագիկ Խաչիկյանը հայտնեց, որ պատրաստվում է բողոքարկել դատավճիռը եւ պահանջել արդարացում: Երվանդ Ավագյանի պաշտպան Սեյրան Ազիզյանը մեզ հետ զրույցում հրաժարվեց խոսել կայացված դատավճռի մասին:
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Քաջարանի ԲԿ-ի նախկին տնօրեն Վարդան Ավագյանը, փոխտնօրեն Վիրաբ Մանասյանը, բժիշկ-անեսթեզիոլոգ Երվանդ Ավագյանը, ավագ բուժքույր Նորա Կարապետյանն ու գլխավոր բուժքույր Արմեդա Վանեսյանը խախտել են սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները: Նրանց գործունեության հետեւանքով առաջացել է մարդկանց վիրուսային «Հեպատիտ Ց», ինչի հետեւանքով մի շարք քաղաքացիների առողջությանը անզգուշությամբ պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
5 բուժաշխատողներին էլ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 277-րդ հոդված 2-րդ մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:




























