Գերմանական Կասել քաղաքի խորհուրդը վրդովմունքն է հայտնել բուսակերների փառատոնի կազմակերպիչներին, քանի որ միջոցառման ժամանակ ներկայացված ուտեստների ցանկում տեղական արտադրության նրբերշիկ չի եղել: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Փառատոնի կազմակերպիչների հետ հանդիպման ժամանակ խորհրդի անդամները պահանջել են, որպեսզի ներկայացված լինեն նաեւ նրբերշիկներ եւ տեղական արտադրության այլ մսամթերք:

Խորհրդի անդամների խոսքով՝ մերժումը կարող է տեղական ավանդույթների հանդեպ անհարգալից վերաբերմունք որակվել, իսկ տեղական ապխտած երշիկը հյուսիսային Հեսենի ավանդական մթերքն է համարվում:

UmweltHaus բնապահպանական կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ տարածքը, որտեղ ծրագրում են անցկացնել փառատոնը, փոքր է, եւ անհնար է եւս մի քանի տաղավար տեղադրել:

Կասելի բուսակերների փառատոնն անցկացվելու է ապրիլին, Երկրի օրը: