Ռուսաստանն այս տարի որոշել է կարտոֆիլ ներմուծել։ Հավանական մատակարարների թվում նշվում են Հոլանդիան, Ադրբեջանը եւ Չինաստանը։ Այդ մասին հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»։
Խնդիրն այն է, որ երաշտը ազդել է նաեւ կարտոֆիլի բերքի վրա։ Ագրարային շուկայի իրավիճակի ինստիտուտի (ИКАР) տվյալներով՝ Ռուսաստանում կարտոֆիլի բերքահավաքն այս տարի կկազմի 22 մլն տոննա՝ անցյալ տարվա 31 մլն տոննայի դիմաց։ Տարեկան Ռուսաստանը սպառում է մոտ 27 մլն տոննա կարտոֆիլ։
Վերջին մեկ ամսում Ռուսաստանի հարավում կարտոֆիլը թանկացել է գրեթե 1,5 անգամ։ Եթե անցյալ տարի այս նույն ժամանակահատվածում կարտոֆիլի մեծածախ գինը կազմում էր կգ-ի համար 8 ռուբլի (մոտ 95 դրամ), ապա ներկայումս՝ մոտ 20 ռուբլի (մոտ 235 դրամ)։ Սովորաբար, այս սեզոնին կարտոֆիլի գները Ռուսաստանի հարավում նվազում են, սակայն հիմա տեղի է ունենում ճիշտ հակառակը։
Մեծածախ գների աճը ազդել է նաեւ մանրածախ գների վրա։ Այսպես՝ Ստավրոպոլի երկրամասում կարտոֆիլի 1 կգ-ի գինը 18,6 ռուբլուց (համարժեք է 220 դրամին) հասել է 29,5 ռուբլու (մոտ 350 դրամ)։ Ամենաբարձր գինը գրանցվել է Չեչնիայում՝ 30 ռուբլի (355 դրամ)։
Հիշեցնենք, որ Հայաստանում եւս այս տարի կարտոֆիլի անսովոր բարձր գներ են։ Նախորդ տարվա համեմատ երեւանյան շուկաներում կարտոֆիլի գները աճել են մոտ 2,5 անգամ։ Այսօր՝ նոյոմբերի 10-ին կարտոֆիլը Երեւանում վաճառվում էր կգ-ը 220-260 դրամով, անցյալ տարվա 80-100 դրամի համեմատ։ Սակայն հայաստանյան գների վրա ազդել է ոչ թե երաշտը, այլ գյուղացիների մտավախությունը, որ առատ բերքի պայմաններում 100 տոկոսով իրացում չի լինում։ Միայն անցյալ տարի գյուղացիական տնտեսությունների պահեստներում փչացել եւ թափվել է մոտ 50 հազար տոննա կարտոֆիլ։




























