Սանահին կայարանում նախկին լոկոմոտիվային դեպոյի փոխարեն ստեղծվելու է երկու երկաթուղային կառույց: Այդ մասին լրագրողների հետ զրուցյում հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության շարժական ծառայության պետ, վառելիքա-էներգետիկ հանձնաժողովի նախագահ Ռոմիկ Ստեփանյանը:
Ըստ նրա, Սանահինի դեպոն, ըստ էության չի փակվում, պարզապես լոկոմոտիվային դեպոն տնտեսական տեսակետից եկամտաբեր չէր «Հարավկովկասյան երկաթուղիների» համար, եւ կառույցի պահպանումն աննպատակահարմար էր:
«Բեռափոխադրումներ չկան, եղածն էլ թերբեռնված է իրականացվում: Ընկերության ղեկավարության կողմից խնդիր է դրվել կառույցը արդիականացնելու եւ այն մարդիկ, ովքեր աշխատում են դեպոյում կամ Սանահինի երկաթուղում, շարունակեն աշխատանքը ստեղծվող երկու նոր կառույցներում»,- ասաց Ստփանյանը:
Նրա խոսքով, Սանահինի լոկոմոտիվային դեպոյում աշխատում է 132 մարդ, որոնցից մոտ 60-ը կշարունակեն աշխատել մոդեռնիզացիայի արդյունքում ստեղծվելիք շրջադարձային դեպոյում, իսկ մյուս մասը կշարունակի աշխատանքը Սանահինի երկաթուղային հանգույցի հիման վրա ստեղծվող գծային հատուկ մեքենաների շահագործման եւ վերանորոգման ձեռնարկությունում:
NEWS.am-ի թղթակցին հարցին ի պատասխան Ստեփանյանը նշեց, որ ըստ էության կառույցները արդեն փաստացի գործում են, սակայն դեպոն շարունակում է կոչվել լոկոմոտիվային դեպո: Նա տեղեկացրեց նաեւ, որ նոր աշխատանքի տեղափոխվող մասնագետները խիստ բարդություններ չունենալու համար կտեղավորվեն իրենց մասնագիտությանը մոտ հաստիքներում:




























