ԵՏՄ-ին Հայաստանի մասնակցությունը բխում է մեր շահերից։ Նման տեսակետ է հայտնել «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանը մարտի 6-ին կայացած նախընտրական բանավեճերում։

Որպես փաստարկ նա նշել է երկրի սեփական ռեսուրսների պակասն ու Ռուսաստանում մեծ սփյուռքի առկայությունը։ «Այլ հարց է, որ պետք է հավասարակշռել հարաբերությունները ԵՏՄ-ի ու ԵՄ-ի հետ։ ԵՄ-ի հետ անհրաժեշտ է համագործակցել ժողովրդավարության, մարդու իրավունքների, բարեփոխումների հարցերում։ Շրջանակային համաձայնագիրը նման հնարավորություն տալիս է»-նշել է նա, կոչ անելով չմոռանալ սպառազինումների շուկայի մասին։ Կազմակերպությունում մյուս գործընկերների հետ հարաբերությունների համատեքստում Շահգելդյանը նշեց, որ դատապարտելով Բելառուսի որոշումը բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով, կուսակցությունը դա դիտարկում է որպես խնդիր Բելառուսի հետ հարաբերություններում։ «Ադրբեջանը կաշառում է, բայց կա նաեւ Հայաստանի կողմից նախաձեռնող քաղաքականության խնդիրը։ Լապշինի գործով մենք այդպես էլ չհասկացանք ՝ մեր դեսպանատունը աշխատում էր, թե ոչ»,- դժգոհեց Շահգելդյանը։ Միաժամանակ նա շեշտել է, որ ԵՏՄ հնարավորությունները լիարժեք չեն գործածվում։

ՀՅԴ ներկայացուցիչ Կիրո Մանոյանի խոսքով, ներքին զարգացման հարցում Հայաստանը պետք է առաջնորդվի եվրոպական մոտեցումներով, ինչը չի խանգարում մյուս կառույցների հետ համագործակցությանը։ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության իրավիճակի համատեքստում, ինչի հետեւանքով հրաժարվել են ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ու սկսել բանակցություններ նոր շրջանակային համաձայնագրի մասին, Կիրո Մանոյանը հիշատակեց Իսկանդերների փոխանցումը։ «Մենք առաջ էլ էինք ասում, որ որոշումը սխալ ուղով է կայացվել։ Բայց ասում ենք, որ անվտանգության նկատառումներով»,- պարզաբանել է Մանոյանը։ Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանի քննադատական դիտարկմանն ի պատասխան՝ Կիրո Մանոյանը ընդդիմախոսից հետաքրքրվեց, արդյոք նա ներկա է եղել Պուտինի ու Սարգսյանի հանդիպմանը, եթե նրան այդքան մանրամասն հայտնի է, թե ինչով է Պուտինը սպառնացել Սարգսյանին։

Օհանյան- Րաֆֆի- Օսկանյան դաշինքի ներկայացուցիչ Գեղամ ՆԱզարյանը հռետորական հարց բարձրացրեց։ «Երբ մեր առաջնորդները 3 տարի բանակցում են ԵՄ-ի հետ, իսկ հետո մեկ գիշերում դառնում ԵՏՄ անդամ, պետք է մտածել, թե ինչպես ու ով է կայացնում որոշումներ։ Նման կարեւոր որոշումը նույնիսկ խորհրդարանում չի քննարկվել։ Մինչդեռ պետք էր այն հանրաքվեի դնել»,- հայտնել է ՆԱզարյանը։ Այդուհանդերձ, նահանջելը ծիծաղելի կլիներ, նկատեց նա, հավելելով, որ «հայտարարվել է, որ դա մեր անվտանգության շահերից է բխում։ Պարզվեց, որ դա էլ այդպես չէ»։

Ելք դաշինքի ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը նույնպես դեմ է արտահայտվել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը։ «Զրկվել ենք ներդրումներից ու նորերը չենք ստացել։ Հայաստանը ԵՏՄ-ում արժանի տեղ չունի։ Դաշինքը քաղաքական սխալ է համարում ԵՏՄ-ին անդամակցելը։ Բայց ակնհայտ է, որ մենք ունենք պարտավորություններ, պետք է դրանք վերանայել ու սխալների ուղղում անել»։