«Ազատ դեմոկրատներ» կուսակցության համապետական ցուցակի 2–րդ հորիզոնականը զբաղեցնող Հրանտ Բագրատյանը կոչ է անում իշխող Հանրապետական կուսակցությանը լրջացնել իր մոտեցումն ու առաջարկել նորմալ նախընտրական ծրագիր։

«Մեր կուսակցությունը կոնկրետ թվեր է ներկայացնում, կոնկրետ քայլեր խնդիրների լուծման համար։ Ինքս ծանոթացել եմ մյուս ուժերի ծրագրերին, սակայն ընդդիմադիրներին չեմ անդրադառնա, միայն Հանրապետականին։ Հանրապետականի նախընտրական ծրագրում թվեր չկան, ավելին, ծրագրային կետեր չեն կարող համարվել, թե իրենք պայքարելու են կոռուպցիայի եւ ստվերի դեմ։ Ծրագրում գրված է, որ ԵՏՄ–ն նոր հնարավորություն է տալիս Հայաստանին, բայց որո՞նք են այդ հնարավորությունները, ոչինչ գրված չէ։ Հանրապետականին կոչ եմ անում լրջացնել իրենց մոտեցումն ու ծրագիր ներկայացնել»,– այսօր՝ մարտի 9–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հրանտ Բագրատյանը։

Պատգամավորի խոսքով, իր մոտ վրդովմունք է առաջացնում իշխող կուսակցության այս մոտեցումը։