Ընտրությունների նոր տարրը՝ ռեյտինգային համակարգը, ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ: Այս մասին Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:

Արձանագրելով շենքի անմխիթար վիճակը, որտեղ հանդիպումն անցկացվում էր, Բաղդասարյանը ներկայացրեց Արագածոտնի մարզում կուսակցության ռեյտինգային թեկնածուներին: «Թեկնածուներին ծափահարեք, հետն էլ կտաքանանք»,- առաջարկեց Բաղդասարյանը: Թեկնածուներն իրենց ելույթներում նշեցին «Հայկական վերածնունդ» կուսակցության գաղափարախոսությանն աջակցելու պատճառները:

Արթուր Բաղդասարյանն իր ելույթը սկսեց շարքային ընտրողին հասկանալի եւ ծանոթ խնդրից՝ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար բարձր տուգանքներից եւ տեսահսկման սարքերի ու արագաչափերի տեղադրման վրա կատարվող ծախսերից, այն դեպքում, երբ ստացած գումարները ամենեւին էլ բյուջե չեն մտնում: Այնուհետեւ Բաղդասարյանը ընտրողներին սպառնաց, որ եթե այնպես շարունակվի, ինչպես ներկայումս, մոտ ապագայում տեսահսկման սարքերի եւ տուգանքների թիվը կկրկնապատկվի: Հետո կուսակցության առաջնորդը ներկայացրեց պետական բյուջեի ճեղքվածքները, գյուղերում աշխատատեղերի բացակայությունը եւ բնակչության արտահոսքը, չգործող օրենքները: «Քանի որ դահլիճում ցուրտ է, չեմ ցանկանում շատ երկար խոսել»,- նշեց Արթուր Բաղդասարյանը եւ կուսակցության ծրագիրը համառոտ ներկայացրեց:

Այսօր հանդիպումներ են նախատեսված նաեւ Ապարանում եւ Աշտարակում: