Այն ցուցանիշները, որոնք ներկայացրել է Հայաստանում Gallup International Association-ի ներկայացուցչությունը, բացառապես իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին մարտի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի  նախընտրական շտաբի պետ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: 

Նրա խոսքով՝ Հայաստանում Gallup International Association-ի ներկայացուցչությունը «կոոպերատիվ Gallup է», իսկական Gallup-ը գտնվում է ԱՄՆ-ում: «Ոչ մի կենտրոն ընտրություններից առաջ նման վարկանիշային տվյալներ չի հրապարակում: 2013-ին այդ կազմակերպությունը Րաֆֆի Հովհաննիսյանին 5 տոկոս է տվել, իսկ նա հավաքել էր 70 տոկոսը (ԿԸՀ պաշտոնական տվյալներով՝ 37 տոկոս, որոնք Հովհաննիսյանը չի ընդունել-խմգ): Կարծում եմ՝ այդ հրապարակումն ուղղված է նաեւ մեր դեմ: Բնականաբար, այն ինչ նրանք ներկայացրեցին, բացառապես չի համապատասխանում իրականությանը: Երբ մենք ընտրողների հետ հադիպման ենք գնում, ավելի ակնհայտ է դառնում, որ այդ թվերը չեն համապատասխանում իրականաությանը: Դա իշխանությունների՝ նրանց դուստր ձեռնարկության ձեռագիրն է»,-ընդգծել է Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում նախընտրական քարոզարշավի սկսվելուց առաջ համաձայն Gallup International Association  ընկերության իրականացրած հարցման արդյունքների՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի օգտին պատրաստ էին քվեարկել հարցման մասնակիցների միայն 1,8 տոկոսը: