Արագածոտնի մարզի Թլիկ գյուղում փետրվարի 26-ին տաքսու վարորդին դաժանաբար սպանելու մեջ մեղադրվող Վարդան Հովսեփյանը հրաժարվում է ցուցմունք տալ։ Այս մասին NEWS.am-ին ասաց նրա պաշտպան Աշոտ Հովսեփյանը:
«Վարդան Հովսեփյանը սկզբնական շրջանում ցուցմունք է տվել, իսկ այժմ հրաժարվում է ցուցմունք տալուց»մ– ասաց փաստաբանը։
Ըստ ոստիկանության՝ 25–ամյա երիտասարդն ի սկզբանե խոստովանական ցուցմունք է տվել։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2017թ. փետրվարի 26-ին Թլիկ համայնքի ղեկավարից ահազանգ է ստացվել, որ Թլիկ գյուղի հարակից դաշտում պարանոցի շրջանում արնահոսող վնասվածքով երիտասարդի դի կա:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի վարչական տարածքում՝ գյուղամիջյան ճանապարհին, հայտնաբերվել է Երևան քաղաքի բնակիչ, 20-ամյա Կարլեն Գրիգորյանի դիակը՝ մարմնի տարբեր շրջաններում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:
Դեպքի վայրի զննությամբ Թլիկ գյուղ տանող ճանապարհի մոտ՝ դիակի հայտնաբերման վայրից 400 մետր հեռավորության վրա, հայտնաբերվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, իսկ մեքենայի կողքին՝ մեկ հատ դանակ: Սպանությունը կատարելու կասկածանքով Թլիկ գյուղի մոտակայքից բերման է ենթարկվել, ապա ձերբակալվել Գյումրի քաղաքի 25-ամյա Վարդան Հովսեփյանը։
Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորված է։




























