Հայաստանի գյուղական համայնքներում անհրաժեշտ է նոր աշխատատեղեր ստեղծել եւ ներդնել ավելի մատչելի գյուղվարկեր: Այս մասին մարտի 9-ին՝ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում Դաշնակցություն կուսակցության նախընտրական արշավի շրջանակում ելույթ ունենալիս հայտարարեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը (ֆոտոռեպորտաժ):

Նրա խոսքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է փոխել ժողովրդի մտածելակերպը՝ մարդիկ պետք է դադարեն մտածել եւ ասել, որ այս երկրում ոչ մի լավ բան չի կարող լինել, եւ երբեք ոչ մի բան չի փոխվի:

Նախարարը նշեց, որ թանկարժեք վարկերը հայ գյուղաբնակի ամենալուրջ խնդիրներից մեկն է: Այս խնդրի լուծման համար ՀՀԴ-ն առաջարկում է հատուկ ներդրումային հիմնադրամ ստեղծել, որը գյուղի բնակչությանը կապահովի էժան վարկերով՝ ցածր տոկոսադրույքներով: Նրա խսքով՝ առանց դրա երկրի տնտեսության զարգացումը պարզապես անհնար է:

Գյուղի բնակիչները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին, որ աշխատատեղերի բացակայությունը իսկապես գյուղի գլխավոր խնդիրներից մեկն է: Դա հատկապես ուժեղ է անդրադառնում կանանց վրա:

Մի 33-ամյա կին ասաց, որ դպրոցում ուսուցչուհի է, եւ նա գյուղի քիչ կանանցից մեկն է, որն աշխատում է: Նրա խոսքով՝ գյուղացի կինը կարող է աշխատել դպրոցում կամ խանութում, սակայն տեղերը սահմանափակ են:

Հետաքրքիր է, որ Գեղամավանում հանրահավաքին եկել էին հիմնականում տղամարդիկ, հեռվից հանրահավաքին հետեւում էր կանանց միայն մի ոչ մեծ խումբ, ըստ որում՝ տարեց կանանց:

Գյուղի մյուս բնակիչները դժգոհեցին, որ ձմռանը ջեռուցումը ծանր խնդիր է, չնայած գյուղում գազ կա: Նորմալ ջերմաստիճան ապահովելու համար անհրաժեշտ է ամսական մոտ 100 հազար դրամ վճարել, որը նրանց ուժերից վեր գումար է: