Հայաստանի խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության եւ «Ծառուկյան» դաշինքի հնարավորությունները հավասար են։ Այս մասին այսօր՝ մարտի 9–ին, Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ)  գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը՝ ներկայացնելով մինչեւ քարոզարշավի մեկնարկը Հայաստանում անցկացված սոցհարցման արդյունքները։

Ֆյոդորովի խոսքով, եթե հաշվարկվի կուսակցությունների վարկանիշերն ըստ յուրաքանչյուր ընտրատարածքի թեկնածուների ունեցած աջակցության, ապա առաջատար կուսակցությունների հնարավորությունները հավասարվում են՝ «Ծառուկյան» դաշինքն ունի 25 տոկոս, իսկ Հանրապետական կուսակցությունը՝ 23 տոկոս:

Ըստ հարցման արդյունքների՝ ընտրական անցումային շեմում են գտնվում նաեւ  «ԵԼՔ» դաշինքը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայկական Վերածնունդ» կուսակցությունները:

Հարցումն անցկացվել է հանրապետության ամբողջ տարածքում մինչև նախընտրական քարոզարշավը: Հարցման մասնակիցների 36 տոկոսը բնակվում է Երևանում, 29 տոկոսը` երկրի այլ քաղաքներում, 36 տոկոսը` գյուղական համայնքներում: Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 1600 մարդ: