Թիվ 8 ընտրական տարածքում Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության պատգամավորի ռեյտինգային թեկնածու Իշխան Սաղաթելյանն իր ընդդիմախոսներին ուղիղ եթերում հեռուստաբանավեճի է հրավիրում, որ նրանք կարողանան պատմել, թե ինչ են արել՝ անցյալում պատգամավոր լինելով, եւ ինչ են պատրաստվում անել, եթե կրկին ընտրվեն:

«Ես չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր արդեն պատգամավոր դառնալու հնարավորություն ունեցել են, բայց իրենց գործունեության ընթացքում իրենց ոչ մի ձեւով չեն դրսեւորել, ոչ մի բան չեն արել, իսկ հիմա դարձյալ առաջադրվել են: Ցանկանում եմ նրանց հարցնել՝ ուզում եք նորից դեպուտատ դառնաք, որ ի՞նչ անեք»,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ ելույթ ունենալով Գեղարքունիքի մարզի իր հայրենի Գեղամավան գյուղում ՀՀԴ-ի նախընտրական հանրահավաքում (ֆոտոռեպորտաժ):

Նա հավելեց, որ այս տարածքից ընտրված վերջին պատգամավորը իր աշխատանքի ամբողջ ընթացքում  ճիշտ զրո անգամ է ելույթ ունեցել եւ կատարել է զրո հայտարարություն: Շատերը, որոնք մինչ նա են ընտրվել, կատարել են մեկ-երկու կցկտուր հայտարարություններ: «Դրանից հետո նրանք եկել, մեր վզին են կախվել եւ կրկին ցանկանում են առաջադրվել, բայց սեւանցիների ճակատին գրված չէ, որ մենք 25 տարի անընդմեջ պետք է խուլուհամր պատգամավորներ ունենանք: Ես բոլոր թեկնածուներին բանավեճի եմ հրավիրում ուղիղ եթերում, որ նրանք պատմեն՝ ինչ են արել, երբ պատգամավոր էին, եւ, որն ամենակարեւորն է, ինչ են անելու հետո»,- ասաց նա: