«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի ընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը այսօր՝ մարտի 10–ին, Հրազդանում կայացած ընտրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի հայտարարությանը, թե իրենք մրցակից չունեն։ Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ Հանրապետականն իսկապես քաղաքական դաշտում մրցակից չունի, քանի որ նրա մրցակիցը ժողովուրդն է, որն ուզում է ապրել արժանապատիվ երկրում։
«Վիգեն Սարգսյանն ասում է՝ մյուս քաղաքական ուժերը 2000 վստահված անձ չունեն տեղամասերի համար, եթե չունենք, ապա ո՞նց է ստացվում, որ մեր վստահված անձանց ծեծում են տեղամասերում, ճնշումների ենթարկում»,– ասաց Արմեն Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ մարտի 8–ին Արմավիրում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հայտարարել էին, որ իրենք ձեւավորել են այնպիսի թիմ, որը մրցակից չունի, ավելին՝ նրանք կասկածում են, որ ընդդիմությունն ունի բավարար չափով ռեսուրսներ շուրջ 2000 ընտրական տեղամասերում ներկայացված լինելու համար։




























